«Մի քանի տարի անց, իմանալով, որ Երևան է ժամանելու մարշալ Բաղրամյանը, Սարյանը նույնանման, բայց չափով ավելի մեծ մի բնանկար է վրձնում։ Այդ գործը նվեր ստանալով` Բաղրամյանը զարմանում է Արարատի շրջված դիրքով։ Սարյանը շտապում է բացատրել. «Դիտմամբ եմ արել, որպեսզի ինձ օգնես Արարատը նկարելու հակառակ կողմից...»։ Մարշալը ժպտալով ըմբռնել է նկարչի ակնարկը»։
Շահեն ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Նկարահավաքի պատմություններ»
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄՈՒՆԵՏԻԿՆԵՐԸ
2011-ին նկարիչ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ կերտեց մի փայլուն գրաֆիկական գործ` «Անկախության մունետիկ», որը նվիրված էր ՀՀԿ հիմնադիր նախագահ, վաղամեռիկ Աշոտ Նավասարդյանին։ Տիար Սամվելը «Անկախության բանակ» ռազմական միավորման մարտիկ էր, մասնակցելով մարտական գործողությունների, ծանր վիրավորվել ու վերադարձել էր խաղաղ աշխատանքի։ Նրան ճանաչում եմ մոտիկից. ասպետական խառնվածքի տեր, փայլուն ընկեր, ժամանակին նաև բոհեմի աջթևային, այսօր ստեղծագործում և դասավանդում է արկի բեկորները մեջքում ամբարած։ Նա նկարեց իր հրամանատարին, անկախության մունետիկ, «Անկախության բանակի» հրամանատար Աշոտ Նավասարդյանին ծառս եղած նժույգի կերպարում։ Նավասարդյանն ընդհատակյա պայքարի ջահակիրներից էր, երկրի ինքնապաշտպանության կազմակերպիչ-հրամանատարներից մեկը, և երիցս ափսոս, որ այդ զարմանալի ասկետն ու ասպետն իր երազանքի երկիր Երրորդ Հանրապետության կառուցման տարիներին շեղվեց դեպի Տաճար տանող ճանապարհից և դարձավ խառնիճաղանջ քաղաքական խարդավանքների զոհը։ Բայց խնկարկելի է նրա անունն այսօր, այս վճռաբեկ օրերում, քանի որ նա խորհրդային ընդհատակի ասկետն էր և երկրի պաշտպանության ասպետը։
Սամվել Կարապետյանը 1988-ին Մովսես Գորգիսյանի հետ մասնակցում է «Հայրենիք» ամսագրի հրատարակմանը։ Այնուհետև զորագրվում է երկրի պաշտպանությանը։ 1992-ին նա Երասխավանի ճակատամարտի առաջին դիրքերում էր։ Այնուհետև «Անկախության բանակի» կազմում մասնակցում է Կոռնիձոր և Տեղ գյուղերի, նաև Կապան քաղաքի մոտ մղված ճակատամարտերին։
Արևշատություն քեզ, իմ պատվական ընկեր։
ՎՐՁԻՆՆ ՈՒ ՄՈՒՐՃԸ ՈՐՊԵՍ ԿՐԱԿՈՑ
Արցախյան ազատամարտի թեմայով մեր նկարիչները շատ են աշխատել։ Բազմաթիվ են կտավներին ու քանդակները` նվիրված երկրի պաշտպանությանը։ Բայց կարծում եմ, որ արժե հատուկ նշել մի քանի ազատամարտիկ նկարչի անուն և նրանց ստեղծագործությունները, քանի որ պատերազմական գործողությունների մասնակից արվեստագետի արարման խորքում անմիջական ապրումն է, կորստյան ցավն ու անվերապահ հաղթանակի հավատը։
Գեղանկարիչ ՍԵՐԳԵՅ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ «Ամարաս» կամավորական ջոկատի և ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի ազատագրման համար մղվող մարտերին։ Նա Համազգային շարժմանն ու ազատամարտին է նվիրել «Մայրություն», «Հայեր միացեք» և այլ կտավներ։
ԴՈՐԵՆՑ ՍԱՀԱԿՅԱՆԸ գեղանկարիչ էր և քանդակագործ։ 1988-94-ին «Անկախության բանակի» մարտիկ էր, մասնակցել է բազմաթիվ մարտերի ՀՀ-ում և Արցախում, երկու անգամ վիրավորել, ապաքինվել և վերադարձել է մարտի դաշտ։ (Նրա մարմինը տնքում էր ցավից, տեսողությունը գրեթե կորցրել էր, սակայն հոգին դեռ Արցախի լեռներում էր)։ Դորենցը ստեղծել է «Ադմիրալ Հ. Իսակով», «Ազատության զինվորը», «Մոնթե Մելքոնյան», «Ազատամարտիկ» քանդակները և «Երդում» խճանկարը։
Քանդակագործ ՀՈՎՀԱՆՆԵՍ (ՕՆԻԿ) ՄՈՒՐԱԴՅԱՆԸ մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների մարտերին։ Նրա բեղուն հատիչը կերտել է 19-րդ դարի ազգային-ազատագրական պայքարի հերոսների մարմարե քանդակաշարը («Զորավար Անդրանիկ», «Գևորգ Չավուշ», «Աղբյուր Սերոբ» և «Մախլուտո»), Մոնթե Մելքոնյանի և Վազգեն Սարգսյանի քանդակները։
Նկարիչ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ Թալինի և ՈՒջանի կամավորական ջոկատների կազմում մասնակցել է Արարատի (Երասխ), Մարտակերտի (Սարսանգի ջրամբար, Դրմբոն, Կիչան գյուղեր և այլն) ազատագրման համար մղվող կռիվներին։
ՌՈԲԵՐՏ ՄԻՆԱՍՅԱՆԸ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանում ընթացող մարտական գործողություններին, վիրավորվել է, հրադադարի հաստատումից հետո հանրապետական և միջազգային ցուցահանդեսներում ներկայացրել է ազատագրական պայքարի թեմայով շատ շնորհալի գործեր։
Արցախցի ԱԼԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ գեղանկարիչ է և քանդակագործ։ 1991-94-ին Ստեփանակերտի 6-րդ վաշտի, «Արշոյի ջոկատ»-ի և Ասկերանի ՊՇ գումարտակի կազմերում մասնակցել է Կրկժանի համար մղված ինքնապաշտպանական մարտերին։ Ազատամարտի թեմայով կերտել է «Անհայտ կորած ազատամարտիկներ» հուշակոթողը։
Եթե հիշողությունս չի դավաճանում, ապա նշեմ, որ ՀՆՄ անդամ շուրջ 30 նկարիչ է մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը, փառք ու պատիվ նրանց։ Այս նյութում անհնար է մեկ առ մեկ անդրադառնալ բոլորին, դրա համար առանձին նյութաշար է պետք։ Խնդիրն այլ է. հանրությանը տեղեկացնել, որ կերպարվեստի մեր վարպետները երկրի հետ են և՛ խաղաղ պայմաններում, և՛ օրհասական օրերին։ Տեղին է հիշել, որ շատ արվեստանոցներ Շարժման առաջին իսկ օրերից վերածվել էին զինապահեստների, շատ նկարիչներ անմիջական մասնակցություն չունեին մարտական գործողություններին, բայց սահմանամերձ շրջաններում էին, գյուղաբնակիչների հետ ուս ուսի տված պաշտպանում էին իրենց բաժին սահմանը։ Հիշողությանս մեջ ուղղակի դրոշմվել է մի արտաքուստ սովորական, սակայն ուսանելի պատմություն։ Գեղանկարիչ ՏԻԳՐԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մի օր պատմեց, թե ինչպես են մի խումբ նկարիչներով հերթապահել հանրապետության սահմանագլխի դիրքերից մեկում։ Յուրաքանչյուրին սահմանը ի պահ էր տրված երկու ժամ։ Բայց քանդակագործ ՆՈՐԱՅՐ ԿԱՐԳԱՆՅԱՆԸ (Մարշալ Բաղրամյանի հուշարձանի և այլ գործերի հեղինակը) խախտում էր սահմանված կարգն ու հերթապահում մի ժամ ավելի։
2016-ի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի նկարիչների միության առաջին հարկի ընդարձակ ցուցասրահում կազմակերպվեց ցուցահանդես-վաճառք, գործող կերպարվեստագետները ներկայացրել էին իրենց լավագույն ստեղագործությունները։ Ցուցահանդեսի բոլոր գործերը վաճառվեցին։ Ողջ հասույթը տրամադրվեց Արցախի վերականգնմանը։
Օրեր առաջ զոհվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող ՏԱՐՈՆ ՖԻԼԻՊՈՍՅԱՆԸ։ Նա երազում էր քանդակագործ դառնալ, երազանքը անկատար մնաց։ Տարոնը վերին Երուսաղեմում միացավ ազգային ազատագրական պայքարի այն մարտիկներին և զորավարներին, որոնց անունը տալիս էր մեծարանքով։
Լույս իջնի կանաչ շիրմիդ վրա, Տարոն Ֆիլիպոսյան։
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Արդյոք մի օր կիրականանա՞ Մարտիրոս Սարյանի երազանքը։ Եվ արդյոք հենց այսօր ծնված մի նորամանուկ, որ դառնալու է հանճարեղ նկարիչ, նույն օրը ծնված մի այլ նորամանուկից, որ դառնալու է մեծ զորավար, չի՞ պահանջելու իրականացնել համայն հայության գերագույն իղձը` տեսնելու սրբազան Արարատի թիկունքը։
Մեր գերագույն ազգային իղձը կիրականանա, եթե կառուցվի իսկապես անկախ և ազատ ազգային մեր պետությունը։ Եվ այս պահին խիստ տեղին է հիշել մեկ այլ երևելու` Ավետիք Իսահակյանի պատգամը. «Երկիրը ընդարձակվում է ներսից»։
Զորաց փառքի ձոներգիչ-նկարիչները երեկ էլ, այսօր էլ պատրաստ են ազգային պետության կառուցմանը։ Գնահատենք նրանց։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ